Ոստիկանությունը գիշերը ժամը 1:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկի ուղղությամբ հնչել է կրակոց:
«Օպերատիվ խումբը, ժամանելով դեպքի վայր, պարզել է՝ անհայտ անձը, անհայտ զենքից գիշերը կրակել է տներից մեկի պատշգամբի ուղղությամբ, կոտրվել է ապակին, փամփուշտը դիպել է ննջարանի պատին և ընկել ներս: Փամփուշտը վերցրել են, նշանակվել են քրեագիտական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ»,- հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Լուրերը» պարզեց՝ կրակոցը եղել է դերասան Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ: Դերասանը պատմեց.
«Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:25 -1:30-ի հատվածում: Մենք տանն էինք, ձայն լսվեց, մտանք ննջասենյակ, տեսանք, որ կրակել են պատուհանին, ննջասենյակում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Զանգահարեցինք ոստիկանություն, ոստիկանները ժամանեցին»:
Դեպքի պահին տանը, բացի Հովհաննես Ազոյանից, եղել են նաև նրա ծնողները: Հարցին, թե ինչի հետ է կապում տեղի ունեցածը, Հովհաննես Ազոյանն ասաց՝ կասկածներ չունի, նաև հույս հայտնեց, որ նախաքննությամբ կպարզվեն պատճառները:
.jpg)
Լուսանկարը՝ Հովհաննես Ազոյանի