Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ ուղիղ տեսակապի միջոցով ներկայացրել է քաղաքապետարանի աշխատանքները։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ սոցիալական բնույթի աշխատանքներ ևս տարվում են։
Քաղաքապետը հայտնել է, որ շուրջ 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար մթերք է տարվում, որպեսզի այս մեկ ամսվա ընթացքում տնից դուրս չգան և կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ լինեն։ Աշխատանքները շարունակական են լինելու, ևս 2000 տարեց մարդկանց է տրամադրվելու։
Մարությանն անդրադարձել է նաև ընթացիկ աշխատանքներին։ Նշել է, որ հայտարարվել է 500 վերելակի մրցույթ, և սպասում են ընկերություններին, որոնք պետք է մասնակցեն այդ մրցույթին։
«Շուտով կհայտարարվի 100 ավտոբուսի գնման մրցույթը։ Շատ մեծ տեմպերով ընթանում են կանաչապատման աշխատանքները, շուտով կսկսվեն բարեկարգման աշխատանքները։ Նախագծային բազմաթիվ աշխատանքներ դրված են մրցույթի, որպեսզի հետագայում դրանք վերածվեն շինարարության»,- ասել է Մարությանը։
Քաղաքապետը նաև իրազեկել է, որ ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային։