Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը ընդգծեց, որ արդեն ընդունվել են 9 հակաճգնաժամային գործողություններ։ Դրանցից հինգն ունեն սոցիալական բնույթ, չորսը՝ տնտեսական։ Վարչապետն ընդգծեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության։ Նշեց, որ սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման համար պետք է լուծեն խնդիրը աշխատատեղերի ստեղծմամբ այն պահից սկսած, երբ այդ լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր։
«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը։ Աշխատատեղերի ստեղծման առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի հնարավոր մեծացումը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ այսօր Կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի։ Առաջինը պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր՝ վարակի հետագա տարածումը հսկողության տակ առնելու և օր առաջ պայմաններ ստեղծելու, որպեսզի ավելի շատ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատելու։ Նշեց, որ դա պետք է այնպես արվի, որ ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, բայց առանց համաճարակային բռնկման։ Նշեց, որ խնդրի լուծումն ինչ-որ առումով իրատեսական դարձնելու համար էլ կատարվեցին արտակարգ ռեժիմի իրավական կարգավորումները։
Վարչապետը հայտնեց, որ երկրորդ ուղղությունը, որով աշխատում է Կառավարությունը, սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը։ Ասաց՝ կապիտալ ծախսերի խթանման ուղղություններով պատասխանատուներ են և նախարարները, և գերատեսչությունների ղեկավարները:
«Հայաստանում միշտ քրոնիկ կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ընդլայնումը առանձնահատուկ նշանակություն են ստանում»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նոր պայմաններում կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում։ «Մեր տնտեսական ուղղության խնդիրը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է»,- ասաց վարչապետը։