Մարտի 13-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել նույն պողոտայի 43-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է, պահում էր իր օգտագործման համար:
Օրեր անց իրավապահները տեղեկություններ են ստացել, որ բերման ենթարկված տղամարդուն սուբուտեքսի մեկ հաբը 30,000 դրամով վաճառել է Բաղրամյան պողոտայի 37-ամյա մի բնակիչ:
ՀՀ Ոստիկանության տեղեկացմամբ՝ ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, մարտի 20-ին, կասկածվողը բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Թմրանյութի իրացման կասկածանքով բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: