Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Կանցլերի խոսքով՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է:
«Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել: Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Իմ կարծիքով՝ դա ճիշտ ճանապարհ չէ»: Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալ ու հրադադար հաստատել Սիրիայում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինվորականի սպանությունից հետո Անկարան հայտարարեց, որ այլևս ի վիճակի չի պահել Սիրիայից Թուրքիա շարժվող փախստականներին: