Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը տեղեկացրեց, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց կտրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը, չափը, պայմանները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ:
«Այս պահին ունենք 9 ընտանիք, որոնք ստացել են Ծնողական փառքի մեդալ: Այն ստանալու հիմնական պայմաններն են՝ վեց և ավելի երեխա ունենալը և համայնքում ընտանիքի մասին ձևավորված դրական կարծիքը: Հաշվի է առնվում նաև արու զավակների՝ բանակում ծառայած լինելը: Այս 9 ընտանիքների համար Կառավարությունն առաջարկում է 40.000 դրամ պատվովճար սահմանել»,- ընդգծեց Ուդումյանը՝ հավելելով, որ պատվովճարը նշանակվելու է ցմահ:
Նախարարի տեղակալի խոսքով՝ վերջին տվյալներով 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը հանրապետությունում 140-ն է, որը ընտանիքների ընդհանուր թվում կազմում է 0.4 տոկոս:
Նախագծի քննարկման ընթացքում նշվեց, որ գումարի չափը կարող է սահմանվել նաև ըստ ընտանիքում երեխաների թվի: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվել է և առաջարկվել է հատկացնել առնվազն 100 հազար դրամ: Զեյնալյանը նշեց՝ կարծում է, որ այդ գումարը կամրագրվի Կառավարության որոշման մեջ: