Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, թե Արժույթի միջազգային հիմնադրամը չէ՛, որ պիտի հաղթահարի Լիբանանի տնտեսական ճգնաժամը: Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ պատրաստ են դիտարկել ԱՄՀ-ի առաջարկությունները:
«Իմպերիալիստներին և նրանց այնպիսի գործիքներին հանձնվելը, ինչպիսին ԱՄՀ-ն է, անընդունելի է մեզ համար: Մենք թույլ չե՛նք տա, որ հենց այս կառույցը Լիբանանին դուրս բերի ճգնաժամից: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք լսել ԱՄՀ մասնագետների տեսակետը»,- ասվում է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարության նորանշանակ ղեկավար Հասան Դիաբը համարվում է «Հեզբոլահի» համակիր: Դրանով հանդերձ, վարչապետը հույս ունի, որ ԱՄՀ պատվիրակությունը կօգնի մշակել ծրագիր՝ երկրի պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Al Mayadeen հեռուստաալիքն ընդգծում է, որ Լիբանանը հիմնադրամից ֆինանսական օգնություն չի խնդրել: