Եվրոպայում մոլեգնող Կյարա փոթորիկը հասել է Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Այն հասցրել է խափանել հասարակական տրանսպորտի աշխատանքն ու էլեկտրաէներգիայի մատակարարումն այդ երկրներում: Չեղարկվել են տասնյակ ներքին և միջազգային չվերթեր, դադարեցվել է բազմաթիվ գնացքների և լաստանավերի սպասարկումը տարբեր ուղղություններով: Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում քամու ուժգնությունը հասնում է ժամում 150 կմ-ի, կա ջրհեղեղի վտանգ:
Փոթորիկի մոտենալու պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի հյուսիսային 35 դեպարտամենտում: Սպասվում է, որ քամու արագությունը Նորմանդիայի արևմտյան ափերի մոտ կհասնի ժամում 110-140 կմ-ի:
Կյարա փոթորկին են պատրաստվում դիմակայել Բելգիայում: Այստեղ նույնպես հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ: Քաղաքներում փակ են բոլոր զբոսայգիները, որոշ փողոցներ, չեղարկվել են թռիչքները Բրյուսելի, Լիեժի և Շառլերուայի օդանավակայաններում: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Փոթորկի նախազգուշացումներ են հայտարարվել նաև Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում և Շվեյցարիայում: