Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին: Ստեֆանո Լազարոթոն նշել է, որ դեսպանության կողմից ներդրվում են առավելագույն ջանքեր հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ այն ծրագրերը, որոնք առավելապես վերաբերում են տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացմանը, մարզային տնտեսության զարգացմանը, կրթության, զբոսաշրջության խթանմանը:
Ստեֆանո Լազարոթոյին հատկապես հետաքրքրել են սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու առաջնահերթությունները: Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցությունը՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ սփյուռքի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, ապա անդրադարձել հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական, մտավոր և ֆինանսական ներուժի ներգրավմանը, ներդրումներին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, հզոր Հայաստանի միջոցով սփյուռքն ամրապնդելու տեսլականին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: