2019 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:
Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այդպիսի դեպքերը նույնպես նվազել են նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:
Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։
Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։
Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը հորդորում է.
-
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
-
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե'ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
-
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար.
-
հագնվե´ք եղանակին համանունչ.
-
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.
-
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
-
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
-
հետևե´ք անձնական հիգիենային.
-
լվացեք և ախտահանե'ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս.
-
տարանջատե'ք սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվե'ք խոհանոցային առանձին պարագաներից.
-
պահպանե'ք սննդամթերքը փակ տարաներում՝ հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար.
-
պատրաստի սնունդը մի' պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի.
-
լա՛վ լվացեք բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում.
-
մի' օգտագործեք պահպանման ժամկետը լրացած սննդամթերք.
-
շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը.
-
գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը.
-
բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է.
-
գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում.
-
խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժեք է իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ.
-
գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը: