Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը ելույթ են ունեցել տարբեր հայտարարություններով:
«Համենայն դեպս ես չէի ասի, թե մենք ինչ-որ ձևով ամրագրել ենք կողմերի միջև հետագա երկխոսություն վարելու անհնարինություն կամ անհամատեղելիություն: Կարծում եմ՝ կողմերն այդ մասին չեն էլ խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, հակառակ դեպքում՝ բանակցային գործընթաց չէր կարող լինել: Մենք, մեր կողմից՝ որպես միջնորդի միջազգային գործառույթներ իրականացնող երկիր, ամեն կերպ նպաստելու ենք երկխոսության շարունակությանը՝ հօգուտ ձգձգվող ու հնացած հակամարտության կարգավորմանը»:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի կողմերի միջև բանակցությունները կառուցողական լինեն, իսկ որոշումն ընդունելի լինի երկու կողմերի համար էլ:
«Ի տարբերություն դիրքորոշումների տարբերությանն ու կարմիր գծեր սահմանելուն, կան երկխոսության ու փոխգործակցության օրինակներ այնպիսի ոլորտներում, որոնց շնորհիվ հնարավոր է եղել հասնել փոխըմբռնման, մասնավորապես՝ խոսքը լրագրողների փոխայցերի մասին է: Սա հիանալի օրինակ է»: