Գերմանական Bild պարբերականը, հիմնվելով ՄԱԿ-ի զեկույցի վրա, հրապարակել է բարձր կենսամակարդակ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը: Ցուցակում ընդգրկվել է 189 պետություն, որոնք գնահատվում են ազատության, անվտանգության, կրթության, առողջապահության չափորոշիչներով, հետևաբար՝ տնտեսական զարգացմամբ:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում է նաև կյանքի որակի բարելավման գլոբալ միտումի մասին: Շատ բարձր կենսամակարդակով երկրների ցուցակում ընդգրկվել է 62 երկիր:
Վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ամենաբարձր կենսամակարդակը գրանցվել է Նորվեգիայում: Երկրորդ տեղում է Շվեյցարիան, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իռլանդիան: Չորրորդը կիսում են Գերմանիան ու Հոնկոնգը: Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը, Վրաստանը՝ 70-րդ, իսկ հարևան Ադրբեջանը՝ 87-րդն է: