Հաագայի միջազգային քրեական դատարանը, հիմնվելով BBC հեռուստատեսության Panorama ծրագրի վրա, քննարկում է Իրաքում և Աֆղանստանում խաղաղ բնակիչների նկատմամբ բրիտանացի զինվորականների գործողությունները:
BBC-ն, Sunday Times թերթի հետ համագործակցելով, նյութեր է հայտնաբերել, որոնք ապացուցում են խաղաղ բնակիչների սպանությունները և այն փաստը, որ հրամանատարությունը թաքցրել է բրիտանական բանակի գործողությունների մասին տեղեկությունները: Խոսքը հիմնականում կալանավորված անձանց և բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին է:
Միջազգային քրեական դատարանն առաջին անգամ հետաքննում է Մեծ Բրիտանիայի և Բրիտանիայի քաղաքացիների դեմ ուղղված մեղադրանքները և հայտարարում է, որ գտնված ապացույցները չափազանց լուրջ են:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն էլ պատասխանել է, որ մեղադրանքները անհիմն են, նախարարությունը նախկինում դատարանին է տրամադրել պահանջված բոլոր տեղեկությունները և այժմ հիմք չի տեսնում հետագա քննությունների համար:
Հաագայի միջազգային դատարանն արդեն եզրակացրել է, որ Իրաքում բրիտանական բանակի ռազմական հանցագործությունների մասին տվյալները հավաստի են: Այժմ, առաջին անգամ, դատարանը կարող է գործ հարուցել պետական մակարդակով ապացույցները միտումնավոր և համակարգված կոծկելու վերաբերյալ: