ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին՝ վերջիններիս ընձեռելով նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:
Նշենք, որ 2020-ի հունվարին, հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից: Բայց կան նաև սահմանափակումներ, որոնցով ճշտվում են, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որ կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից:
ԼՀԿ-ն, փաստորեն, այս նախագծով առաջարկում է այդ բացառությունների շարքից հանել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող մարզային սուբյեկտներին: Այսինքն, մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում, մարզերի հիշյալ ոլորտի տնտեսվարողները նույնպես կհամարվեն միկրոձեռնարկատեր և կօգտվեն արտոնությունից: