Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաները, գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակը՝ ՄԻՊ-ը հետևյալն է արձանագրել.
-
Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը և հարգանքն այդ իրավունքի նկատմամբ:
-
Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձևավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և հրապարակային արտահայտել այն:
-
Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը:
-
Տևական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը:
ՄԻՊԸ-ը մտահոգիչ է համարել նաև այն հանգամանքը, որ «թիրախավորվում է մասնավոր կյանքը, արվում են մասնավոր և ընտանեկան կյանքին ոչ իրավաչափ միջամտություններ, դա տեղի է ունենում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս: Ընդ որում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ու գրառումներն առավել ագրեսիվ են: Անընդունելի է արժանապատվությունը վիրավորող, ատելություն պարունակող խոսքի կամ այդպիսի շարժառիթով կատարվող արարքի ցանկացած դրսևորում, որ կարող է արձանագրվել որևէ քաղաքացիական ակցիայի ժամանակ՝ անկախ նրանից ում կողմից է դա կատարվում կամ ում է ուղղված:»,- նշված է հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատարին: