Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից՝ ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեզ՝ հայերիս համար, Սինգապուրն, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Մենք հավատացած ենք, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև հոկտեմբերի 1-ին ազատ առևտրի մասին կնքվելիք համաձայնագրերն արդյունավետ գործիք կհանդիսանան առևտրի և տնտեսության բնագավառում մեր երկրների միջև համագործակցության և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման համար: Եկեք միասին բաժակ բարձրացնենք՝ ի պատիվ հայ-սինգապուրյան կապերի նշանավոր պատմության, ի նշան մեր պետությունների ներկայիս բարեկամական հարաբերությունների և ապագա համագործակցության ընդլայնման ու խորացման համար: Շնորհակալություն»:
Վարչապետ Լի Սյեն Լունն իր բաժակաճառում, մասնավորապես, նշել է.
«Երջանիկ եմ գտնվել այս չնաշխարհիկ երկրում, որտեղ ապրում և արարում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Հայաստանը շատ բան ունի տալու մեզ. նախ և առաջ՝ որակյալ և կրթված աշխատուժ ունեք։ Դուք այսօր ունեք առաջադեմ կառավարություն՝ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, որը ցանկանում է բարելավել քաղաքացիների կյանքը, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ Քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տիկին Աննա Հակոբյանին և հայ ժողովրդին, սերտ համագործակցություն և ամուր գործընկերային հարաբերություններ՝ Հայաստանին և Սինգապուրին, և վերջապես՝ նախատեսված համաձայնագրերի բարեհաջող ստորագրում։ Շնորհակալություն»: