ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է.
-
Վթարն առաջացել է 2019 թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին:
-
Վթարի հետևանքով որևէ մեկի կյանքին վնաս չի հասցվել, շարքից դուրս եկած սարքավորւմներ չկան:
-
12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետև շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միևնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետևանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին և համակարգային վթարի զարգացմանը:
-
Տեխնիկական կանոնակարգով, նորմերով, հրահանգներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ,ինչպես նաև վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:
-
Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել և վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: