Հազարավոր մարդիկ Բաղրամյան պողոտայում պահանջում են արտահերթ ընտրություններ:
Խորհրդարանի արտահերթ նիստին զուգահեռ քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի մոտ։ Ուղիղ միացմամբ վարչապետը կոչ արեց բոլորին՝ միանալ ընդդեմ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի: Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի օրակարգում է մի օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն է, ընդ որում՝ ոչ միայն շուտափույթ, այլև միջնաժամկետ:
ԱԺ արտահերթ նիստում ձայնային խոտանով ընդունվեց ՀՀԿ պատգամավորների հեղինակած նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակահեղափոխության գործընթաց է սկսվել:
Հազարավոր մարդիկ Բաղրամյան պողոտայում պահանջում են արտահերթ ընտրություններ: Հավաքվածները պնդում են, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հասարակությունը ձևակերպեց նաև արտահերթ օրենսդիր մարմին ձևավորելու պահանջը: Բողոքի ցույցեր են նաև հանրապետության այլ մարզերում: Մարդիկ հավաքվում են Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և այլ քաղաքների հրապարակներում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ հանրապետականների առաջարկած և ընդունված փոփոխությունների, եթե ԱԺ նիստը հնարավոր չէ գումարել, ապա նիստը նախագահողը հայտարարում է, որ նիստ գումարել հնարավոր չէ, քանի որ կան խոչընդոտներ։
Ըստ Սահմանադրության՝ եթե 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն ազատ է արձակվում իրավունքի ուժով։ Իրավաբանները պնդում են․ Սահմանադրությունը հստակ է սահմանում արտահերթ ընտրությունների անցկացման պայմանները: