Սլովակիայի կառավարությունն անհրաժեշտ ժամկետում կավարտի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը:
Շարունակվում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունեցող երկիր: Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան ասել է, որ մեր երկրները հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մեծ ներուժ ունեն, հատկապես նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ֆոնին:
«Սլովակիայի կառավարությունն անհրաժեշտ ժամկետում կավարտի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը և այն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան», - Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը վստահեցրել է Սլովակիայի վարչապետը: Ռոբերտ Ֆիցոն բարձր է գնահատել այն փաստը, որ Հայաստանն ազատականացրել է վիզային ռեժիմը շենգենյան պետությունների քաղաքացիների համար: Վարչապետը խոստացել է ակտիվորեն աշխատել, որպեսզի հեշտացվի նաև հայաստանցիների մուտքը շենգենյան գոտի: