Ֆրանսիական խորհրդարանի զույգ պալատների մի խումբ պատգամավորներ այցելել են Ստեփանակերտ և Շուշի: Նրանք արարողակարգային հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարության հետ, եղել առաջնագծում՝ ադրբեջանական ոտնձգությունների մասին լսելով անձամբ հակառակորդին խաղաղություն պարտադրող մեր սահմանապահներից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆրանսիացի օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի միջնորդական առաքելությունը Ադրբեջանի հետ բանակցություններում: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն իր ողջույնի խոսքում բացահայտել է առաքելության ողջ իմաստը՝ աջակցել այն երկրին, որը 20 տարուց ավելի ձգտում է ազատության: