Հագեցած օրակարգով մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ՝ աշնանային նստաշրջանը:
Խորհրդարանի վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: Այս քառօրյան կքննարկի 23 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ գլխադասային հանձանժողովները տվել են դրական եզրակացություն:
Նիստի մեկնարկին ՀԱԿ, ԲՀԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն վստահում Ազգային Ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի գործելակերպին, հետեւաբար բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքներն ու այսուհետեւ չեն ունենա ներկայացուցիչ դրա կազմում:
Այդուհանդերձ, օրենսդիրը քվեարկությամբ ընդունել է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգը, ըստ որի ՝ՀՀԿ-ն կունենա 7 անդամ, ԲՀԿ-ն՝ 2, մյուս խմբակցությունները՝ մեկական անդամ:
Նստաշրջանի մեկնարկին, ի դեպ, խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը հատուկ հաշվեհամար է բացել, որին պատգամավորները Իրաքի եզդիներին օգնելու նպատակով դրամական փոխանցումներ կկատարեն:
Քաղաքական սեզոնի թեժ մեկնարկի մասին լուրերը թերեւս չափազանցված էին:
Ընդդիմադիրները չանդրադարձան քառյակի՝ իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջներին: Արտագաղթից էլ խոսեցին, որը որպես առանձին կետ, 12 կետերում չկա: