Մեծ Բրիտանիայի կառավարությունն արձագանքել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի մեկնաբանություններին: Նա հայտարարել էր Ատլանտյան օվկիանոսում գտնվող բրիտանական անդրծովյան տարածքի՝ Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ իր հավակնությունների մասին։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էդ Միլիբենդն ընդգծել է, որ Լոնդոնի դիրքորոշումը Ֆոլկլենդյան կղզիների վերաբերյալ մնում է անսասան։
«Այս կղզիները բրիտանական են և կմնան այդպիսին, քանի որ այդ դիրքորոշումը պաշտպանում է տեղի ժողովրդի ճնշող մեծամասնությունը»,- ասել է արտգործնախարարը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վես Սթրիթինգն էլ հավելել է. «Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդը ընտրել է լինել բրիտանացի»։
Բրիտանացի պաշտոնյաներն այսպես են արձագանքել Արգենտինայի նախագահի ելույթին, որում նա ընդգծել է Ֆոլկլենդյան կղզիներն Արգենտինային «վերադարձնելու» անհրաժեշտությունը: Միլեյը նաև հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել կղզեխմբում գործող նավթային ընկերությունների դեմ, որոնք Բուենոս Այրեսն անվանում է Մալվինյան կղզիներ:
Ֆոլկլենդյան կղզիները, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում, 200 տարի տարածքային վեճի առարկա են եղել Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև։ 2013 թվականի մարտին կղզեխմբի բնակիչների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է տարածքը Միացյալ Թագավորության կազմում պահելու օգտին։ Արգենտինան չի ճանաչել հանրաքվեի արդյունքները։ Ֆոլկլենդյան կղզիները բաղկացած են երկու մեծ և գրեթե 800 փոքր կղզուց, որոնք զբաղեցնում են 12000 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի տարածք և ունեն մոտավորապես 3200 բնակչություն։