Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի դաժան պատժամիջոցների հաղթահարման: Նրա խոսքով՝ հաշվի առնելով մուսուլմանական երկրներում առկա ռեսուրսները և հումքը՝ կարելի է հասկանալ, որ թշնամիները գալիս են դրանք թալանելու: «Հետևաբար, մենք պետք է ծրագրեր կազմենք՝ ինչպես հաղթահարել այդ անարդար պատժամիջոցները»,- նշել է Ղալիբաֆը՝ Թեհրանի և Բաղդադի միջև ավելի ուժեղ տնտեսական կապերի կոչ անելով:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա: Նրա խոսքով՝ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։
«Մենք կտապալենք այս ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»,- շեշտել է պաշտոնյան: Բեսենթը հավելել է՝ առավելագույն տնտեսական ճնշումը միաժամանակ նշանակում է, որ ռազմական լայնածավալ հարվածների վերսկսում, ամենայն հավանականությամբ, չի լինի:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես տնտեսական ճնշումն անվանել է Իրանի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքը: Իր հերթին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա, և ոչ ոք չգիտի՝ ով է պատասխանատու: ԱՄՆ առաջնորդը կրկնել է՝ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։
Պեկինն արձագանքել է Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին ամերիկյան սպառնալիքներին: Ըստ երկրի արտգործնախարարության խոսնակի՝ Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: