Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա հարվածները՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջարկից հետո, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնը Կիևին նաև կոչ է արել չհարվածել կոնսորցիումի ենթակառուցվածքային օբյեկտներին։
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ ուկրաինական հարվածները ավելի են անկայունացնում նավթի շուկան և վնասում ամերիկյան ընկերությունների շահերին։
Թերթի աղբյուրները պնդում են, որ Կիևը, ի վերջո, համաձայնել է չհարվածել այն նավերին, որոնք չեն պատկանում Ռուսաստանին, չեն ենթարկվում ուկրաինական պատժամիջոցներին և չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։
Ըստ պարբերականի՝ Chevron-ը և ExxonMobil-ը բաժնեմասեր ունեն Կասպյան խողովակաշարի կոնսորցիումում: