Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են 2026-2027 թթ. խորհրդակցությունների ծրագիրը, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեսնում են «3+3» հարթակի ներուժը՝ «Կովկասը տարածաշրջանային դիմակայության համար օգտագործելու՝ Արևմուտքի փորձերի ֆոնին»։ Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ պատրաստ է աջակցելու տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում։
Ռուս դիվանագետը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կուժեղացնեն երկրների միջև հարաբերությունների լուսաբանումը լրատվամիջոցներում։
«Մենք շահագրգռված ենք, որ երկու երկրի ԶԼՄ-ների միջև ուղիղ շփումները վերացնեն թյուրիմացությունները և ապահովեն օբյեկտիվ լուսաբանում։ Այդ հարաբերությունները բացասաբար լուսաբանել ցանկացողները, ցավոք, երկու կողմից էլ առկա են»,- ասել է Լավրովը։
Բայրամովն էլ հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վերականգնումը հնարավոր է դարձել երկու երկրի նախագահների անձնական դիրքորոշման շնորհիվ։
Անդրադառնալով տարածաշրջանին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար։
Նա նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության կապակցությամբ։
«Ադրբեջանը հետևողականորեն վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին, կոչ է անում նվազեցնել էսկալացիայի մակարդակը և հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է Բայրամովը:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին հանդիպում կանցկացնեն՝ առևտրատնտեսական հարցերի քննարկման համար: