Բրյուսելում Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի երկրորդ օրվա քննարկման օրակարգում է միավորման հաջորդ յոթ տարվա բյուջեն, որն ըստ Եվրահանձնաժողովի առաջարկի պետք է կազմի 2 տրիլիոն եվրո:
Գագաթնաժողովի առաջին օրը կենտրոնացած է եղել Ուկրաինային աջակցության, Եվրոպայի պաշտպանության և անվտանգության վրա: Նաև քննարկումներ են եղել Մոսկվայի հետ դիվանագիտական շփումների հնարավոր ձևաչափերի շուրջ:
Եվրոպական խորհուրդը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով անսասան աջակցությունն Ուկրաինային, դատապարտելով Մոսկվայի վերջին հարձակումները և պատրաստակամություն հայտնելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Խորհուրդը նաև ողջունել է Եվրամիությանը Կիևի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայի ապագան կերտվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով, և որ միավորման ապագա անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Կիևի արագացված անդամակցությունը:
Իր հերթին՝ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նշել է, որ Բուդապեշտի ջանքերով ԵՄ հռչակագրի վերջնական տարբերակից բացառվել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը: Ըստ Մադյարի՝ Կիևի անդամակցության շուրջ ԵՄ երկրների դիրքորոշումները խիստ տարբերվում են: Հունգարիան, նրա խոսքով, այն երկրների շարքում է, որոնք անհրաժեշտ են համարում ավելի դանդաղ և փուլային գործընթացը:
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն էլ հայտարարել է, որ պատրաստ է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: