2025 թվականից ՀՀ-ն պաշտոնապես ստացել է թույլտվություն՝ արտահանելու ձուկ և ձկնամթերք ԵՄ երկրներ, սակայն Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերի համաձայն, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները կարողանան ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանել, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում, այլ կերպ ասած՝ TRACES (խմբ. Trade Control and Expert System) համակարգում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:
«Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է ներկայացնում լիազոր մարմնին, վերջինս իրականացնում է ստուգում տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, և դրական դիրքորոշման դեպքում հայտը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տվյալ ստուգման գործընթացի համար կիրառելի չէ ՀՀ-ում «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքը, քանի որ սա ոչ թե պլանային կամ տեղական վերահսկողության ստուգում է, այլ ԵՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության նկատմամբ ստուգում»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ գրանցման լիազորող մարմին է սահմանվել ՍԱՏՄ-ն:
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածում ևս նախատեսվում է լրացում կատարել, որը վերաբերում է ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցմանը, գրանցումը դադարեցնելուն և առողջության սերտիֆիկատ տալու հետ կապված հարաբերություններին, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջների հաստատմանը:
«Օրենքի և համապատասխան որոշումների ընդունումը հուսալի երաշխիք կդառնա միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման և դեպի ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի անխոչընդոտ արտահանման համար:
Ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ ստացվել է 5 հայտ 5 ընկերությունից, հետևաբար այս փոփոխությունները ոչ միայն կխթանեն տեղական արտադրության և արտահանման ծավալների աճը, այլև կբարձրացնեն մեր երկրում ՍԱՏՄ վերահսկողության համակարգի մակարդակը»,- ասաց նա: