Հունիսի 10-ին, Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ «Մետաքսի ճանապարհների ժառանգությունը, ճամփորդություններն ու ավանդույթները. միջմշակութային երկխոսության ուղիներով» խորագրով միջոցառումը, որին որպես բանախոս հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Մետաքսի ճանապարհը դարեր շարունակ եղել է ոչ միայն Արևելքն ու Արևմուտքը կապող առևտրային ուղի, այլև ժողովուրդների միջև մշակութային փոխանակման, փոխըմբռնման և երկխոսության հարթակ։ Պատմականորեն գտնվելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում՝ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է կարևոր առևտրային հանգույց և քաղաքակրթությունների հանդիպման վայր։ Այսօր ևս մեր երկիրն ունի լիարժեք ներուժ շարունակելու այդ առաքելությունը՝ դառնալով ոչ միայն հաղորդակցության ուղիների, այլև մշակույթների միջև երկխոսության կամուրջ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում էր հայկական գորգագործության և դարբնության ավանդույթների զարգացումը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Հայաստանը մասնակցեց նաև հյուրասիրությանը՝ ներկայացնելով հայկական խոհանոցի ավանդույթներն ու բազմազանությունը։