Եվրոպական կողմի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այցելել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Նրանց ընդունել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Ըստ ռուսական գերատեսչության՝ Գալուզինը նշել է, որ այդ երկրների իշխանությունները ապակառուցողական քաղաքականություն են վարում ռուս-ուկրաինական հարցերում և խրախուսում են Կիևին շարունակել պատերազմը: Փոխարտգործնախարարը կրկնել է՝ պատերազմը դադարեցնելու համար հարկավոր է, որ լուծվեն դրա արմատական պատճառները։
Վերջերս եվրոպական երկրներն ընդգծում են Մոսկվայի հետ բանակցելու կարևորությունը՝ վերջ տալու ռուս-ուկրաինական հակամարտությանը և քննարկելու Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրոպայից մեկ ներկայացուցիչ նշանակել Կրեմլի հետ Ուկրաինայի հարցով շփումների համար։
Վոլոդիմիր Զելենսկին էլ շեշտել է, որ Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հետ կապված խաղաղության ցանկացած բանակցության մաս և չի կարող պարզապես միջնորդի դեր խաղալ։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան լավագույն տարբերակն են և կարող են ներկայացնել Եվրոպան հնարավոր բանակցություններում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: