Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է , և պետության վերելքն այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է: Մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 11-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ:
«Իհարկե, մենք կսկսենք արդեն Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր Կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ԱԺ-ում: Նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ Կառավարության և ապագա Կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները, նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններն իրականացնենք ու պլանավորենք:
Իհարկե, լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել՝ ո՛չ կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետև նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրություններ և, ըստ էության, շտապողականության ռեժիմով ենք աշխատել: Այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք՝ դրանից բխող բոլոր արդյունքներով:
Առաջիկայում ավելի մանրամասն խոսելու, քննարկելու առիթներ կունենանք: Բայց կարծում եմ, որ հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է շարունակականությունը՝ մեր գործողությունների և անելիքների: Դրա համար այս փուլում կարևոր է նախորդող շրջանն ամբողջապես վերլուծենք, հասկանանք՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք, և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք»,-ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկել է ունենալ առաջնահերթությունների հստակ ցանկ, որպեսզի դրանց վրա կենտրոնանալու հնարավորություն լինի: