Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գրասենյակի հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Հավակնություններից դեպի գործողություն. կենսաբազմազանության կառավարման և ֆինանսավորման ամրապնդում» խորագրով կլոր սեղան քննարկում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Քննարկմանը մասնակցել են անդամ պետությունների, ՄԱԿ համակարգի, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ մտքեր փոխանակելու կենսաբազմազանության կառավարման ամրապնդման, ֆինանսավորման մոբիլիզացման և Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջխաղացման շուրջ՝ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (COP17) ընդառաջ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի առաջիկա նախագահող երկիր, «Գործողություն հանուն բնության» խորագրի ներքո։
«Նա ընդգծեց հանձնառություններից իրականացման անցնելու կարևորությունը, այդ թվում՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, կենսաբազմազանության կառավարման ամրապնդման, ֆինանսական միջոցների մոբիլիզացման, ներառական մասնակցության ապահովման, ինչպես նաև կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և կայուն զարգացման գործընթացների միջև ավելի մեծ համահունչության ապահովման միջոցով։ Հայաստանը նաև ընդգծել է COP17-ին ընդառաջ լայն քաղաքական ներգրավվածության ապահովման կարևորությունը, այդ թվում՝ նախատեսվող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովի միջոցով։
Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ բոլոր գործընկերների հետ ներառական, թափանցիկ և գործնական արդյունքների վրա միտված համագործակցությանը՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման առաջխաղացման նպատակով։
Քննարկումը կարևոր հնարավորություն էր՝ Երևանում COP17-ին ընդառաջ ձևավորելու անհրաժեշտ քաղաքական թափ և վերահաստատելու համատեղ հանձնառությունը՝ կենսաբազմազանության ոլորտում գլոբալ հավակնությունները վերածելու կոնկրետ գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։