ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է. մայիսի 25-ին և մայիսի 26-ին այն առաջին փուլով մեկնարկելու է Արմավիրի և Կոտայքի մարզերում:
Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները կծանոթանան Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի ցուցանմուշներին:
Ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար՝ կրտսեր, միջին և ավագ: Կրթական ծրագրերը վարելու են Ռուսական արվեստի թանգարանի փորձառու մասնագետները:
Ծրագրի նպատակն է արվեստի և թանգարանային գործունեության ապակենտրոնացման միջոցով նպաստել թանգարանների և կրթական հաստատությունների կապերի ամրապնդմանը, կրթական ծրագրերում հայկական և համաշխարհային արվեստի դասավանդման առավել գործուն, արդյունավետ մեթոդների կիրառմանը, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետաքրքիր գործընթացում անուղղակի ներգրավմանը:
Շրջիկ ցուցադրությունների ձևաչափը կնպաստի մարզային դպրոցների առավել մեծ թվով աշակերտների ներգրավմանն ու մշակութային ժառանգության արժևորմանը:
Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերին Տավուշի մարզում: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը նախատեսված է իրականացնել ՀՀ բոլոր մարզերում: