ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայիս կազմով չի համապատասխանում ժամանակակից աշխարհին և բախվում է լեգիտիմության խնդրին՝ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մշտական ներկայացուցչության բացակայության պատճառով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Նայրոբիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բոլոր երկրները պետք է ընդունեն, որ Անվտանգության խորհուրդը՝ երեք եվրոպական, մեկ ասիական և մեկ հյուսիսամերիկյան անդամներով, առանց Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի ներկայացուցիչների, բոլորովին չի համապատասխանում ժամանակակից աշխարհին, և դա լեգիտիմության խնդիր է ստեղծում»,- ընդգծել է նա:
Գուտերեշը հավելել է, որ Անվտանգության խորհրդի բարեփոխումը դժվար կլինի, բայց «արդեն կան քայլեր ճիշտ ուղղությամբ»։
«Բարեփոխումները բացարձակապես անհրաժեշտ են, քանի որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական բաժանումները, որոնց մենք ականատես ենք լինում, ժամանակակից աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովումը դառնում է չափազանց դժվար, և մեզ անհրաժեշտ է արդյունավետ Անվտանգության խորհուրդ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վետոյի իրավունքի սահմանափակման նախաձեռնություններ են պատրաստում ցեղասպանության և նմանատիպ իրավիճակների դեպքում: