Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի վարչապետների հետ:
Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է ռազմական օգնությունը, Ուկրաինայի էներգետիկ հատվածին աջակցությունը, իրավիճակը մարտի դաշտում և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների շուրջ իրավիճակը։ Ֆինլանդիայի և Նորվեգիայի վարչապետներ Պետերի Օրպոյի և Յոնաս Գահր Ստյորեի հետ Զելենսկին քննարկել է ռազմական համագործակցությունը և Ուկրաինային այդ երկրների կողմից ցուցաբերվող օգնությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ էներգետիկ ոլորտներում։
Զելենսկին հանդիպել է նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ, որը դեմ է Ուկրաինային իր երկրի կողմից ուղիղ ռազմական օգնության շարունակմանը։ Ուկրաինայի նախագահը հանդիպումն արդյունավետ է որակել՝ նշելով, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները։
Իր հերթին, Բաբիշը հայտարարել է, որ բացի առաջնագծում իրավիճակից, քննարկվել են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը, որը «կարող է մեծ հնարավորություն դառնալ չեխական ընկերությունների համար»։
Բաբիշի խոսքով՝ քանի որ Ռուսաստանը չի ցանկանում, որ եվրոպական ղեկավարները մասնակցեն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ջանքերին, ապա դա կարող է անել Թյուրքական պետությունների կազմակերպությունը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: