Երկու երկրների փոխվարչապետների այցերն Ադրբեջան ու Հայաստան, նրանց գլխավորած պատվիրակությունների հանդիպումները Հայաստանում և Ադրբեջանում պատմական իրադարձություններ են, որոնք նշանավորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ուժեղացման մի նոր և կարևոր շրջափուլ: Ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետներին այդ աշխատանքն իրականացնելու և արդյունավետ իրականացնելու առիթով: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կողմերի միջև, հնարավո՞ր է երկու կողմից ապրանքաշրջանառությունը մեծանա, Փաշինյանը մանրամասնեց.
«Ընդունված փաստաթղթերը շրջանակային նշանակություն ունեն, բնականաբար վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման պրոցեսին, այսինքն՝ սկզբից կանոններն են սահմանվում, հետո իրականացվում է այդ աշխատանքը»:
Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածությունները, բնականաբար, մնում են ուժի մեջ։ Միաժամանակ նշվել է, որ TRIPP-ի հետ կապված նախագծերի իրականացման նպատակով սահմանային գիծը պետք է հստակեցվի փոքր հատվածներով՝ միայն այն չափով, որքան անհրաժեշտ է կոնկրետ ծրագրի իրականացման համար։ Օրինակ՝ եթե նախատեսվում է երկաթուղու կառուցում, ապա սահմանազատումը պետք է կատարվի տվյալ հատվածում՝ պահանջվող երկարությամբ՝ լինի դա 1 կմ, 3 կմ կամ 5 կմ։ Այս մոտեցումը թույլ կտա խուսափել թյուրըմբռնումներից և տարբեր մեկնաբանություններից։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում, և սա տրամաբանական է:
«Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26 հազար տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով եկել ՀՀ, և հիմա գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ ՀՀ-ից ապրանքներ արտահանվեն:
Բայց էլի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ, և որևէ մեկի համար հեշտ չէ ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել: Համոզված եմ, որ առաջիկայում այդպիսի արտահանումներ լինեն նաև Հայաստանից:
Ես էլի ուզում եմ ընդգծել, որ որևէ քաղաքական կամ տեխնիկական արգելք չկա, ինչպես գնացքով ապրանքներ են գալիս Հայաստան, այնպես էլ Հայաստանից կարող են Ադրբեջանի տարածքով ապրանքներ արտահանվել: Այս առումով խնդիր չկա, և հիմա ցուցակներ են փոխանցված կողմերին, գործարար համայնքներին՝ իրենց հետաքրքրությունն արտահայտելու: Համոզված եմ հընթացս, այդ թվում՝ Հայաստանից, որոշակի ապրանքախմբեր կարտահանվեն Ադրբեջան, ինչպես Ադրբեջանից՝ Հայաստան»,- ասաց նա: