Եվրամիությունը ողջունել է օրերս Կարսում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի նիստը՝ նվիրված է երկու երկրի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն դինամիկան արտացոլում է տարածաշրջանում նկատվող ավելի լայն դրական տեղաշարժերը, ինչը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության ու կայունության համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունից ընդգծել են՝ շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կամրապնդի տարածաշրջանային կապը և հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը:
ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կապերի զարգացմանը՝ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին, Գլոբալ դարպասներ ռազմավարությանը և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին համապատասխան, որոնցում Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում՝ ասված է ԵՄ պատվիրակության անունից տարածված հաղորդագրության մեջ: