ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Կրեմլի մամուլի ծառայության տարածած ուղերձում ասվում է.
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև: Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը։
Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում ՝ Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի հայտարարության մեջ ։
Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման և տեղահանության քաղաքականությունն արդարացում չունի և չի կարող լինել, միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որ նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի:
Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբեց մարդկանց, որոնք ցույց տվեցին ամուր ավանդույթներ, իմաստություն և քաջություն: Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը պահպանելու են ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:
Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք։
Վլադիմիր Պուտին»