Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար ՀԱԵ բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Վերջին տասնամյակներում ՀԱԵ փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է և շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԵ բարենորոգման օրակարգը և որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը.
Ա. ՀԱԵ-ի փաստացի պետի հեռացում.
Բ. սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն.
Գ. ՀԱԵ կանոնադրության ընդունում (կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը).
Դ. սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու:
Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքի ազատությունը ու վերահաստատում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե եկեղեցին պետությունից անջատ լինելու կողմնակիցն է՝ միաժամանակ ընդգծելով, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց չի կարող դուրս լինել պետությունից, և որ այն չի կարող պետություն լինել պետության մեջ: