Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 150 անօդաչու է արձակել: Վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ:
Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական 125 ԱԹՍ խոցելու մասին, Բրյանսկում կա մեկ զոհ:
Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը թույլատրել է, որ այսուհետ զինվորականները երկրի տարածքային ջրերում կալանեն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ մտնող նավերը: Սա նշանակում է, որ պատժամիջոցների տակ գտնվող նավերը չեն կարողանա մտնել բրիտանական ջրեր, այդ թվում՝ Լա Մանշի նեղուց: Բրիտանական պատժամիջոցների ցանկում կա Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 544 նավ:
Իր հերթին, Reuters-ը շուկայական տվյալների վերլուծության հիման վրա հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից արտերկիր նավթի մատակարարման հզորությունների 40 տոկոսը՝ օրական 2 միլիոն բարել, ժամանակավորապես շարքից դուրս է եկել ուկրաինական հարվածների և «ստվերային նավատորմի» նավերի կալանումների պատճառով: