Իրանը մերժել է Միացյալ Նահանգների՝ 15 կետից բաղկացած հրադադարի նախնական առաջարկը՝ հաղորդում է պետական Fars լրատվական գործակալությունը։
«Իրանը չի ընդունում հրադադարը: Սկզբունքորեն անտրամաբանական է նման գործընթացի մեջ մտնել նրանց հետ, ովքեր խախտում են համաձայնագիրը»,- պարբերականին հայտնել է «իրազեկ աղբյուրը»:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին լուրը հերքել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կիրակի զրուցել են իրենց իրանցի գործընկերների հետ, և Միացյալ Նահանգները չի հարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Թեհրանի հետ «արդյունավետ բանակցություններից» հետո հինգ օրվա ընթացքում:
Երեքշաբթի էլ Թրամփը լրագրողներին տեղեկացրել էր, որ ինքը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես ներգրավված են Իրանի հետ բանակցություններում:
Ենթադրյալ բանակցությունների ֆոնին, Պենտագոնը, այնուամենայնիվ, պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մոտ 2000 զինծառայողի, երեքշաբթի The Hill-ին հայտնել է հարցին իրազեկ աղբյուրը։
Իրանական բանակն էլ գիշերը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանին, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել։
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը կենտրոնացած է պատժամիջոցների մեղմացման, քաղաքացիական միջուկային համագործակցության, հրթիռային սպառազինության սահմանափակման, Իրանի միջուկային ծրագրի դադարեցման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտադիտարկման վրա։ Այն նաև ներառում է նավերի ազատ տեղաշարժը Հորմուզի նեղուցով: