Իրանը հայտարարել է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով՝ ջրային այդ ուղով ծովային երթևեկության փլուզման ֆոնին, որն առաջացրել է վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր գլոբալ էներգետիկ ճգնաժամը, գրում է Al Jazeera-ն:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ նավերը կարող են օգտվել ջրային ճանապարհով «անվտանգ անցումից», «պայմանով, որ նրանք չեն մասնակցում և չեն աջակցում Իրանի դեմ ագրեսիայի գործողություններին, ինչպես նաև լիովին պահպանում են անվտանգության հայտարարված կանոնները»:
Նավերին թույլատրվելու է նեղուցով անցնել «Իրանի իրավասու մարմինների հետ համակարգված», ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։
Իրանն ավելի վաղ նեղուցի կարգավիճակի վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր ներկայացրել ՄԱԿ-ի ներքո գործող Նավագնացության միջազգային կազմակերպությանը (IMO), որը պատասխանատու է միջազգային նավագնացության անվտանգության համար։
Թեհրանը հայտարարություններում չի մանրամասնել, թե ինչ կանոնակարգեր պետք է պահպանեն նավերը` նեղուցով անվտանգ նավարկելու համար, որով սովորաբար անցնում է նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Իրանի մեկնաբանությունները հնչել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին, ըստ որի բանակցություններ են ընթանում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու համար: Թեհրանը, սակայն, հերքում է այդ բանակցությունների անցկացումը: