ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է առերևույթ սպանություն կատարած օտարազգի քաղաքացին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անձը ատելության շարժառիթով պայմանավորված, առանձին դաժանությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:
Ի.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (առանձին դաժանությամբ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: