Պատիվ է ինձ համար հյուրընկալվել, ինչպես նշեցիք, «ժողովրդավարության տանը»: Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ: Այդ մասին Ստրասբուրգում համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2025-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը, ըստ վարչապետի, պատմական նոր փուլ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
«Դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- ասաց նա:
Վարչապետը նաև հիշեցրեց՝ Հայաստանն ու ԵՄ-ն նախորդիվ ընդունել են ռազմավարական նոր օրակարգ, որը երկու երկրների հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի, նաև հայկական կողմն ակտիվորեն բանակցում է վիզաների ազատականացման թեմայով, ՀՀ-ն աջակցություն է ստացել ԵՄ խաղաղության գործիքի միջոցով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը:
«Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, որը տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում»,- ասաց նա՝ ուրախությամբ արձանագրելով, որ տնտեսական գործակցությունը ևս ունի բավականին մեծ օրակարգ: