Կատարը վճռականորեն դատապարտել է Սաուդյան Արաբիայի Ալ Հարջ քաղաքում բնակելի համալիրի վրա Իրանի հարձակումը, որի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է:
«Կատարի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ կտրականապես մերժում է տարածաշրջանային երկրների վրա Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումների վերաբերյալ արդարացումները և ընդգծում է միջազգային իրավունքի ու բարիդրացիության սկզբունքների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության խորացմանն ուղղված քայլերից խուսափելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը արտահայտել է Կատարի լիակատար համերաշխությունը եղբայրական Սաուդյան Արաբիային և աջակցությունը բոլոր այն միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։
«Արտաքին գործերի նախարարությունը նաև իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Սաուդյան Արաբիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասվում է Կատարի ԱԳՆ սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։