Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
«Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։
Փետրվարի 23-ին՝ ժամը 15-ին, Քրեական ոստիկանները համագործակցելով պարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին, մեկ կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին, ձերբակալել են 25-ամյա երիտասարդին և իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում և բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։
Փետրվարի 26-ին երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։