Առաջարկում ենք օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիտորինգին, ինչպես նաև օրենքով սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-ի հետ համագործակցելու, օպերատիվ տեղեկություն ստանալու, իրազեկելու, փոխանակելու վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ներկայացնելով էկոպարեկային ծառայողի իրավունքներին առնչվող օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
«Ինչո՞ւ է այս փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել: Քանի որ, օրենքի համաձայն, էկոպարեկային ծառայության հիմնական խնդիրն է պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել պահպանություն, ինչի արդյունքում պարեկային ծառայության ընթացքում հասանելի է դառնում կենսաբազմազանության վերաբերյալ հսկայական ինֆորմացիա:
Փաստացի ստացվում է, որ ինֆորմացիան առկա է, բայց օրենքով ամրագրված չէ նրանց մասնակցությունը կենսաբազմազանության մոնիտորինգին:
Ունենք նաև ծառայություն և հսկայական ռեսուրս, որը կարող է մոնիտորինգի ընթացքում օգնել լիազոր մարմնին կենսաբազմազանության մոնիտորինգի հարցում, սակայն դա օրենքով ամրագրված չէ»,- ասաց նա:
Այս համատեքստում նախարարի տեղակալը հորդորեց դիմել էկոպարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար: Ընդունելության համար գործում է երկփուլանի համակարգ, կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցողներ: Առաջին փուլում նախատեսվում է ֆիզպատրաստություն և թեստ, երկրորդ փուլում՝ հարցազրույց: Ընտրված մասնակիցները դասընթացներ կանցնեն:
Էկոպարեկային ծառայությունն այժմ գործում է Սյունիքի մարզում, իսկ 2026-ի առաջին կիսամյակում նմանատիպ ծառայություն կգործարկվի նաև Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: