Շուրջ 570 անձ այս պահին տարկետման իրավունք է ստացել և սովորում է թոփ 50 համալսարաններում: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե քանի հայ ուսանող է սովորում աշխարհի թոփ 50 համալսարաններում, և թե Հայաստան վերադառնալիս նրանք հրապուրիչ աշխատանք գտնո՞ւմ են:
Ըստ նախարարի՝ այս պահին 50-ից ավելի քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունն աշխարհի թոփ 50 համալսարաններում, ապա հիշեցրեց, որ 2018 թվականից սկսած է, որ կարողացել են աշխարհի թոփ 50 համալսարաններում սովորելով՝ տարկետման իրավունք ստանալ:
«Վերադարձի ցուցանիշներն ամենևին լավը չեն: Պետք է ասել, որ հիմնականում չեն վերադառնում, և կարելի է ասել, որ ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում իր նպատակին»,- ասաց նա՝ նշելով, որ նաև սա է պատճառը, որ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, որպեսզի տարկետում ստացած, ուսում ստացող քաղաքացիները վերադառնան Հայաստան, իրենց մասնագիտությամբ աշխատեն համապատասխան ոլորտում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ տարկետում ստացած, արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո, վերադառնալով Հայաստան և առնվազն 3 տարի աշխատելով համապատասխան ոլորտում, կարող են ազատվել զինծառայությունից: