ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողությունը շարունակել այնքան, որքան անհրաժեշտ կլինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա կանխատեսմամբ՝ գործողությունը կտևի 4-5 շաբաթ, սակայն այն երկարաձգելու ներուժ կա։
«Ես դա ասել եմ հենց սկզբից։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նրանք այն օրինական ճանապարհով ձեռք բերելու ճանապարհին էին՝ շնորհիվ այն համաձայնագրի, որը հիմարաբար ստորագրել էր մեր երկիրը»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: