Սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք և որոշակի մոտեցումների փոփոխություն: Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաև՝ տնտեսավարողները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:
Նախարարը հայտնել է, որ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը:
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին:
Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ դրույթներին վերաբերող սահմանումներն ու կարգավորումները՝ ընդգծելով, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն նախնական քննարկվել է: Հանձնաժողովի փոխնախագահը տնտեսավարողներին հորդորել է մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը մանրամասն ծանոթանալ առաջարկվող կարգավորումներին, հանդես գալ առաջարկներով և դիտողություններով, եթե դրանք կլինեն:
Օրենսդրական նախաձեռնությանը կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքում՝ այս հղմամբ:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: