ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Պատվիրակության կազմում էին ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների հաստատումը, երիտասարդական նախաձեռնությունների, օրենսդրական կարգավորումների շրջանակում փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող քայլերի քննարկումը։
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է հանդիպումը և նշել Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցության մասին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով նախորդ տարի ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ որպես ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթ:
Եգոր Լիտվինենկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել համագործակցության խորացումը երիտասարդության ոլորտում՝ շեշտադրելով կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, քաղաքացիական կրթության ոլորտներում համագործակցության ուղղությունները: Նա իրազեկել է ՌԴ-ում երիտասարդական խորհրդարանների գործունեության մասին՝ նշելով, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ունենում օրենսդրական մշակումների գործընթացներում: Արձագանքելով՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստանում ևս երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով տարբեր հարթակներում ապահովվում է նրանց լայն մասնակցությունը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ հատկանշական է նաև, որ ՀՀ Ազգային ժողովում մեծ թվով երիտասարդ պատգամավորներ կան, և խորհրդարանը ևս իրականացնում է երիտասարդների առաջնորդության զարգացման և ներգրավվածության ապահովման ծրագրեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-Ռուսաստան փոխադարձ շփումները հատկապես երիտասարդների շրջանում, մասնակցությունը համատեղ ծրագրերին՝ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Այս առումով նա, մասնավորապես, կարևորել է երկկողմ ձևաչափով երիտասարդական ֆորումների դերը, որոնք ամենամյա սկզբունքով փոխադարձաբար կազմակերպվում են Հայաստանում և Ռուաստանում։ Նա գործընկերոջը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծմանն ուղղված պետական քաղաքականությունը, երիտասարդների կարողությունների զարգացմանն աջակցության ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի տեղայնացումն ու համագործակցության ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին, նախանշվել իրականացվող ծրագրերը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: